Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Հոգեհացի ու նշխարքի պես բաժանված «մանուկ» գիրը

Հոգեհացի ու նշխարքի պես  բաժանված «մանուկ» գիրը
30.10.2015 | 11:08

Մահը նաև մի յուրահատուկ հատկություն ունի. այն նաև ճաշակում են: Ամենքը մահվան հետ հանդիպելու, նրա սառը աչքերի մեջ նայելու իրենց տարիքն ունեն: Բանաստեղծների մոտ այն խիստ վաղաժամ է` կամ իրենց, կամ այլոց մահվան «տեսքով», որն էլ դառնում է դուռ ու քառուղի երկնին մերձենալու:
Տասնհինգ տարեկան Արա Ալոյանը` Վարդենիսի իրենց ցուրտ գյուղի ցուրտ սենյակում մի մե՜ծ մոմ է ունեցել` Էդուարդ Պողոսյան` Մգո, անուն-ազգանունով:
Վարդենիսցի Մգոն զոհվել է արցախյան կռվում` հերոսի մահով, որ ոչ միայն հայրենիքն ազատ լինի, այլև Արայենց սերունդը ասք ու հերոս ունենա ոչ միայն այդ` պատերազմի-անկախացման դառն ու դժվարին, այլև հետագա «հոգու սովի» այս օրերին, որը առավոտից երեկո հակահերոսներ է ծնում:
Այն օրերին Վարդենիսի վրա ծավալվող Մգոյի անմահությունը «երդիկների» վրա շրջող, երկինք փնտրող Արայի համար նախ մեծ ցավ, ապա գիր է դառել, ու 1996-ին նա պոեմ է հյուսել դրանից` հանուն պարտքի ու մխիթարության` իր սերնդի ու Մգոյի մոր համար:
Մի ամբո՜ղջ պոեմ:
«Համանվագ ցավի և հարության», և մեղեդավորել է այդ զոհաբերությունը, որը տիեզերքի ամենամեծ օրենքը շարժման մեջ դնող ուժն է: Մեղեդիներից է կազմված նրա պոեմը, որպես գլուխներ, ուր ոճային ձևերն ու ռիթմերը տարտնղված են, որ փոփոխվում են երբեմն ներդաշնակ, երբեմն անսպասելի, որպես «մատնություն» նոր գիր անողի, սակայն այդ «մեղեդիները» ազնիվ են նույնքան, որքան Մգոյի զոհը հայրենիքի սեղանին ու դրա ընկալումը տասնհինգ տարեկան պատանու կողմից.

Հույսը սրբավայր
ուխտի է գնում
Բոբիկ ոտքերով,
Հույսը որբուկ է
դեմքով անլվա:

Երաժշտա-բառա-հանգային պոեմի հրապարակախոսային առաջին մասին փոխարինելու է գալիս երկրորդ շերտը. ռիթմը փոխվում է, ինչպես ասում են, «լիրիկական հերոսը» քիչ-քիչ տեղավորվում է Մգոյի հոգու ու մաշկի տակ, դանդաղորեն ընդհանրացնելով նրա սիրտն իր սրտի ու սիրո հետ` մեկտեղ հառաչելու համար աշխարհի, վերքի և կիսատի վրա:

Ի դեպ, երկրորդ «Մեղեդիում» Մակու քաղաքի տղեկի` դեպ «Դանթեական առասպել» գնացող քելքի ռիթմ կա նաև, չարենցյան դոզա.
Գնում եմ դանդաղ ճերմակը դեպի,
Դեպ հիշողություն` Մատյան եռագիր:

Քիչ հետո ասքին Թումանյանի ստվերն է խառնվում նաև: Այդ տարիքում, այդ հերոսացման մեջ առանց նրա հնարավոր չէր.
Ծխում էր անդուլ, ծխում էր Մգոն,
Հիշողությունն էր խնկարկում ցավից,
Մերթ փակվում էին աչքերը մեգով,
Մերթ վեր էր թռչում մոր կանչող ձայնից:

Հերոսացման ասքի վերջին մեղեդին զուտ իր ու Մգոյի հոգուց է ծորում. ակնհայտելով մեկի հերոսությունը, մյուսի` բանաստեղծացման հասունացումը: Նրանք նույնն են, սակայն տարբեր են: Նրանք միմյանց շարունակություն են. մեկը` երկնքում, մյուսը` երկրում.
Արյունը ծորաց, լուծվեց թանաքին
Մոր ճամփած վերջին, վերջին նամակի…

***
ՈՒրեմն մերն է քո մահն ու կյանքն էլ:

Մենք էլ ենք մի օր հողի փոխվելու,
Մենք էլ ենք մի օր շողի փոխվելու:

Մնում է ասել, որ պոեմն ու հերոսացումն այս, որպես հոգեհաց, Արան Ալոյան այս օրերին բաժանում է բոլորին նշխարք առ նշխարք` Արցախ, սփյուռք, հայոց դպրոցներ ու բանակի զինվորներ, որ չմեռնի ասքը հայոց զինվորի, որ հուշը նրա վառ կյանքի անվերջ վերապրվի` արդեն գրի ճաշակմամբ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ